Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եթե Պարսից ծոցի արաբական երկրները հայտարարեն ԵՄ շուկաներում իրանական նավթի փոխարինման մասին, ապա Իրանը դա կգնահատի որպես «ոչ բարեկամական քայլ»:
Այսպիսի զգուշացմամբ հադես է եկել աֆրիկյան ու արաբական հարցերով Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ամիր Աբդոլահիանը, ով Քուվեյթի մայրաքաղաքում հանդիպել է իր քուվեյթցի գործընկեր Հալեդ ալ-Ջարալահի հետ:
Աբդոլահիանը հայտարարել է. «Մենք վստահ ենք, որ տարածաշրջանի երկրները կցուցաբերեն խոհեմություն և կդիտարկեն այդ խնդրին առնչվող որոշման հետևանքների բոլոր ասպեկտները: Եթե տարածաշրջանի որևէ երկիր որոշի ԵՄ շուկաներում իրանական նավթը փոխարինել իր նավթով, ապա Իրանը դա կընկալի որպես «ոչ բարեկամական» քայլ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել ԵՄ-ում «ծածկել» իրանական նավթի վրա բեռնարգելք դնելուց հետո ստեղծվելիք նավթային դեֆիցիտը:







































