Կոնգրեսական Ռոն Փոլը, որը պայքարում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, առաջարկել է բարելավել հարաբերությունները Կուբայի հետ: Փոլն այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել հունվարի 26-ին Ֆլորիդայում: Այս մասին հայտնում է CNN-ը:
Կոնգրեսականի խոսքերով՝ ամերիկացիների վերաբերմունքն այս հարցի վերաբերյալ փոխվել է: Նա առանձնահատուկ նշել է Կուբայի հետ ազատ առևտուր ստեղծելու հնարավորությունը:
Կուբայի հետ հարաբերությունները բարելավելու մասին Փոլը հայտարարել էր նաև նախորդ արշավի ժամանակ` հունվարի 23-ին: Նրա կարծիքով՝ նրանք, ովքեր աջակցում են կուբացիների նկատմամբ կիրառված պատժամիջոցներին, «ապրում են խավար դարում»: Կոնգրեսականը նշել է, որ «սառը պատերազմն» ավարտվել է:
Հանրապետական կուսակցությունից նախագահի այլ թեկնածուներ` Միթ Ռոմնին, Նյուտոն Գինգրիչը և Ռիք Սանթորումը այլ դիրքորոշում ունեն. նրանք կողմ են Կուբայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն:
Ներկայումս ԱՄՆ-ը և Կուբան չունեն դիվանագիտական հարաբերությունները: Ամերիկյան ընկերություններին արգելված է բիզնես հիմնել այդ երկրում:
Փորձագետների խոսքերով՝ Փոլի դիրքորոշումը կարող է նրան զրկել ընտրողների ձայների մեծամասնությունից Ֆլորիդայում, որտեղ հունվարի 31-ին տեղի են ունենալու նախնական ընտրությունները: Ֆլորիդայում ապրում են Կուբայից եկած շատ ներգաղթյալներ, որոնք երկիրը լքել էին Ֆիդել Կաստրոյի վարչակարգի հետ անհամաձայնության պատճառով:
Ավելի վաղ Ռոն Փոլը կոչ էր արել հարաբերությունները բարելավել Իրանի հետ` բարեկամություն առաջարկելով այդ երկրի հետ: Կոնգրեսականը հանդես է գալիս արտասահմանում ամերիկյան բոլոր ռազմական գործողությունների, արտասահմայան բոլոր բազաներից ամերիկյան զորքերի դուրսբերման, պաշտպանության ծախսերի կրճատմանը և այլ պետությունների ներքին գործերին չխառնվելու օգտին:










































