РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով երեկ ԵՄ-ի կողմից իրանական նավթի վրա դրված բեռնարգելքը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը.
«Ես ողջունում եմ ԵՄ-ի գծով մեր գործընկերների գործողությունները, որով հավելյալ պատժամիջոցներ են սահմանվել Իրանի նկատմամբ։ Իրանի հանդեպ ԵՄ սահմանած միակողմանի պատժամիջոցները վկայում են Իրանի միջուկային ծրագրից բխող լուրջ սպառնալիքին միջազգային հանրության միասնական արձագանքի մասին։ ԱՄՆ-ը շարունակելու է նոր պատժամիջոցների սահմանումը, որպեսզի ուժեղացնի Իրանի վրա գործադրվող ճնշումը»։
Հիշեցնենք, որ ԵՄ-ը երեկ նավթային բեռնարգելք ու ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային հատվածի և Կենտրոնական բանկի նկատմամբ։ Բացի այդ, արգելվել է նավթաքիմիական հատվածի համար նախատեսված տեխնոլոգիաների ու սարքավորումների արտահանումը Իրան։