Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը համաձայնել է նվազեցնել Թուրքիային վաճառվող F-35 կործանիչների գները։ Ներկայումս Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել F-35 Lightning II տիպի երկու կործանիչ։ Թուրքիայի կառավարությունը պաշտպանական արդյունաբերության քարտուղարությանը (SSM) առաջին անգամ արտոնել է գնել դրանք։
Ընդհանուր առմամբ, Թուրքիան պլանավորել է գնել F-35 Lightning II տիպի 100 կործանիչ, որոնց համար պետք է վճարեր 16 միլիարդ դոլար, քանի որ մեկ ինքնաթիռն արժեր 160 միլիոն դոլար։ Մինչդեռ ներկայումս ԱՄՆ-ը ինքնաթիռի ինքնարժեքը նվազեցրել է մինչև 123 միլիոն դոլար։ Դա նշանակում է, որ Թուրքիայի համար F-35 Lightning II տիպի 100 կործանիչների գնումը կարժենա մոտ 13 միլիարդ դոլար։
Միևնույն ժամանակ ոչինչ չի նշվում ԱՄՆ կողմից այդ կործանիչների ծրագրային ապահովման ծածկագրերի հատկացման մասին։ Խոսքը F-16-ի թռիչքային համակարգն ու սպառազինությունն ամբողջովին վերահսկող համակարգչային ծրագրի մասին է: Դրա շնորհիվ թուրքական կողմը հնարավորություն է ստանում այդ ինքնաթիռների վրա տեղակայել հավելյալ սարքավորում և սեփական արտադրության սպառազինություն։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ թուրքական կողմը հրաժարվել էր ամերիկյան կործանիչները գնելու մտադրությունից՝ դա պատճառաբանելով դրանց բարձր ինքնարժեքով ու ԱՄՆ կողմից վերոնշյալ ծածկագրերի չհատկացման հանգամանքով։










































