Դոլարի արժևորումը դրամի նկատմամբ կշարունակվի, և հունվարին փոխարժեքի մակարդակը որպես դիմադրություն կարող է հանդիսանալ 395 դրամը մեկ ԱՄՆ դոլարի դիմաց: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց FOREX Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը: Ըստ նրա՝ այդ գնային մակարդակների շուրջ կամ հունվարի վերջին սպասվող արտարժույթի առաջարկի ավելացման հետ կապված արտարժույթի շուկան կոնսոլիդացիայի կենթարկվի:
Դոլարի արժևորմանը նպաստում են միջազգային շուկայի իրադարձություններն ու եվրոպական արժույթի՝ եվրոյի նկատմամբ դոլարի դիրքերի ամրապնդումը: «Տեսնում ենք, որ դոլարն ամրապնդվում է հայկական արժույթի նկատմամբ, և դոլարի մեղմ ամրապնդումը կշարունակվի այս ամսվա ընթացքում: Հունվարին պատմականորեն ձևավորվել է, որ ունենք արտարժույթի մասնակիորեն տրանսֆերտային փոխանցումների ցածր ծավալներ, և դա, կարծում ենք, որոշակիորեն կբերի արտարժույթի առաջարկի ծավալների նվազմանը, ինչը նույնպես կնպաստի, որպեսզի մեզ մոտ փոխարժեքը մնա բավականին բարձր մակարդակների վրա»,- ասաց Մ. Վերդյանը:
Հարցին, թե փոխարժեքի տատանումների վրա որքանով ազդեցություն ունի Սերժ Սարգսյանի կարգադրությունը դրամի արժեզրկում ապահովելու վերաբերյալ, վերլուծաբանը պատասխանեց. «Շուկայում դրամի փոխարժեքի նկատմամբ ձևավորվող կուրսը պայմանավորվում էր հիմնականում ֆունդամենտալ պատճառներով, և դա ուղղակի կարգադրության արդյունք չէ»:











































