Իտալական La Repubblica-ի կանխատեսմամբ, կատարվելու է բացահայտում, որը գալիք կես դարում փոխելու է մարդկության կյանքը:
«50 տարի անց մենք ավելի լավ ենք ապրելու: Մենք երթևեկելու ենք ավտոմեքենաներով, որոնք աշխատելու են արևային էրերգիայով, ուտելու ենք միս, որն արտադրված է լինելու լաբորատորիայում` առանց կենդանիներին սպանելու: Մենք էներգիա ենք ստանալու Երկրի կենտրոնից` ցտեսություն ասելով գազին և նավթին»,- գրում է պարբերականը:
«Ջիովանի Բինյամինը համաշխարհային մեծության գիտնական է, որը վերջին տարիներին ղեկավարում է Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտը: Նա վերջերս շրջագայել է ամբողջ աշխարհով մեկ` հասկանալու, թե ինչպիսի բացահայտումներ են դեռ արվելու մեր կյանքը փոխելու համար»,- տեղեկացնում է թերթը: Գիտական բացահայտումների արագությունը մշտական չէ, սակայն այն կայուն աճ ունի:
Այն հարցին, թե ինչպիսին է լինելու 2062 թվականը, Բինյամինն ասել է, որ ծնվելու են երեխաներ, որոնք զբոսնելու են Մարսում, քանի որ Մարսի նվաճման պլանները մշակվել են վաղուց: Գիտնականը վստահեցնում է, որ Մարս պետք է թռչել` «հասկանալու կյանքի գաղտնիքները, թե ինչպես է ձևավորվել Տիեզերքը»:
«Հիմնարար հարցերից մեկը մնալու է էներգիան: Բինյամինը, ինչպես շատ այլ գիտնականներ, կողմ է միջուկային էներգիայի օգտագործմանը: Սակայն նա գիտակցում է, որ հասարակությունը չի փոխելու իր բացասական վերաբերմունքը նույնիսկ 50 տարի հետո: Այդ պատճառով պետք է ուշադրություն դարձնել, որ ածխաջրածնային հումքը խախտում է մոլորակի հավասարակշռությունը, իսկ էներգիայի այլընտրանքային աղբյուրները ի վիճակի չեն բավարարել համաշխարհային պահանջները, այդ պատճառով ընտրվելու է երրորդ ուղին` խորը երկրաջերմային էներգիան»:
2062 թվականին աշխատանքի մեծ մասը մարդու փոխարեն կատարելու են մոլեկուլային կառույցները, և մարդու կյանքի տևողությունը երկարելու է: «2062 թվականին ծնվելու է երեխա, որն ապրելու է 152 տարի»,- ասել է իտալացի գիտնականը:









































