Ռուսական Интерфакс-ը, վկայակոչելով չինական մամուլը, հայտնում է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի լատինաամերիկյան աշխատանքային շրջագայության նախօրեին ԱՄՆ-ը փորձել է «ահաբեկել» լատինաամերիկյան առաջնորդներին, որպեսզի նրանց հարկադրի հրաժարվել Իրանի հետ հարաբերությունները զարգացնելուց։
Չինական մամուլը գրում է. «Իրանի նախագահի այցի նախօրեին ԱՄՆ-ը նրանց զգուշացրել է, որ ներկայումս Իրանի հետ հարաբերությունների զարգացման ժամանակը չէ, ապա փակել է Մայամիում գտնվող Վենեսուելայի գլխավոր հյուպատոսությունը։ Սակայն այդ ամենը հակառակ էֆեկտ է ունեցել։
Լատինաամերիկյան 4 առաջնորդներն էլ հայտարարել են, որ մտադիր չեն հրաժարվել Իրանի հետ հարաբերությունների զարգացումից, և որ իրենք աջակցում են Իրանի խաղաղ միջուկային ծրագրին։ Սա շատ արժեքավոր աջակցություն էր Իրանին՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից նրա վրա գործադրվող ճնշման ֆոնին։ Բացի այդ, Ահմադինեժադի հեղինակությունն ավելի բարձրացավ լատինաամերիկյան երկրներում»։
Հիշեցնենք, որ Ահմադինեժադի հնգօրյա լատինաամերիկյան շրջագայությունն ավարտվել է հունվարի 12-ին, որի շրջանակներում նա այցելել է Վենեսուելա, Նիկարագուա, Կուբա և Էկվադոր։