Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան և Ղրղզստանն այս տարի ձեռնամուխ են լինելու այնպիսի իրավական միջոցների մշակմանը, որ հնարավորություն կընձեռեն երկու երկրների միջև հաստատելու մարդկանց, ապրանքների, ծառայությունների ու կապիտալի ազատ տեղաշարժի ռեժիմ։ Այս մասին հայտարարել է Ղրզստանի նախագահի մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ կողմերի միջև համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունվարի 12-ին՝ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի թուրքական պաշտոնական այցի շրջանակներում։ Դա կարող է նպաստել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության զգալի աճին։
Բացի այդ, Աթամբաևի և նրա թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլի միջև սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ փոփոխության ենթարկելու Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի ձևաչափը, որը ստեղծվել է նախորդ տարվա ապրիլի 26-ին։
Նախագահները ստորագրել են նաև հոբելյանական փաստաթուղթ Թուրքիայի և Ղրղզստանի միջև հարաբերություններում նոր պատմական փուլի սկսման մասին։