Հին ու նոր տոմարներով նշվող Նոր տարիները միմյանցից ոչնչով չեն տարբերվել: Տոնը, ըստ էության, տևում է 13 օր` Սուրբ Ծնունդից հետո ամեն օր կատարվում է ծիսակատարություն` Ճրագալույց, Ջրօրհնեք, Տնօրհնեք, Մեռելոց, Նավակատիք ու հունվարի 13-ին եզրափակվում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնով: Դրանով Հայ Առաքելական եկեղեցու ողջ ծիսակատարություններն ավարտվում են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով Հին տոմարով հունվարի 13-ը նշելու սովորույթի մասին, ասաց ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցին:
«Հունվարի 1-ին մարդիկ, շփվելով տիեզերքի, ջրի, ծխի հետ մաքրագործվում են` Սուրբ Ծնունդն ընդունելու համար: Եկեղեցին էլ պատահականորեն չի ընդունել հունվարի 1-ը, քանի որ Նոր տարին բնության տոն է: Կենաց ծառը բնության խորհրդանիշ է, դրանից հետո մարդը մաքրագործված պատրաստվում է նշել Սուրբ Ծնունդը մաքուր հոգով ու սրտով»,- հավելեց նա:
Հարցին ի պատասխան` արդյո՞ք պետք է Հին տոմարով նշել նաև Նոր տարին, վերջինս տարակուսանք հայտնեց, Նոր տարին խորհրդանշում է առատությունը, այսինքն` մաքրագործվելու խորհուրդ ունի, մարմնավորում է շփումը ջրի, տիեզերքի, կրակի, ծխի հետ:
«Ծուխը շրջապտույտ է անում, ինչպես ջուրը, և եթե տոնը նշվում է, պետք է դարձյալ առատորեն նշել: Բայց արդյո՞ք այն մեզ պետք է: Կարծես արդեն լիացած են մարդիկ: Մենք չենք ապրում մի քանի դար առաջ, ապրում ենք հիմա, երբ բոլորը հունվարի 9-ից արդեն աշխատում են, աշխատանքային օրն արդեն մտնում է կենցաղ: Տոնը կարծես ավարտվում է: Արդեն կենցաղային պրոցեսն սկսված է, ու նորից տոնի մասին մտածելն ինձ համար անիմաստ է»,- հավելեց Լ. Ագուլեցին` ընդգծելով, որ հունվարի 13-ին տոնի գաղափարն արդեն իրեն սպառված է լինում, քանի որ ծեսերն այնքան հարուստ են, որ հետո նորից կրկնելն անիմաստ է:
Հիշեցնենք, որ Հին տոմարով Նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է, այսինքն` հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին:










































