Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը.
«Թուրքիան Հայաստանի հետ կապեր հաստատելու խնդիր չունի։ Դրա համար կան որոշակի նախապայմաններ։ Պետք է վերացվի այն խնդիրը, որը հանգեցրել է Հայաստանի հետ սահմանի փակմանը։ Դա մասնավորապես վերաբերում է հայկական զորքերի դուրսբերմանը։ Դրանից հետո որևէ խնդիր չի լինի Թուրքիայի հետ կապեր հաստատելու հարցում։
Արևմտյան երկրները Թուրքիային խրախուսում են Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման հարցում։ Սակայն մենք նրանց ասում ենք, որ դրա համար անհրաժեշտ է սահմանի փակման պատճառ համարվող խնդիրը լուծել։
Թուրքիան հետագայում էլ շարունակելու է ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Դա ոչ միայն Ադրբեջանի գործն է, այլև՝ Թուրքիայի։ Մենք ցանկանում ենք այդ խնդրի շուտափույթ կարգավորումը, քանի որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում հաստատել խաղաղություն ու կայունություն։ Թուրքիան կողմնակից է տարածաշրջանի երկրների համատեղ զարգացմանը»։











































