Աշխարհահռչակ գրեթե բոլոր ավտոբրենդները ներկայացված են Հայաստանում: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԿԻԱ ՄՈԹՈՐՍ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Սամվել Ավետիսյանը, միայն մի քանի հայտնի բրենդներ կան, որ մեր երկրում դեռ ներկայացված չեն: Մասնավորապես, ամերիկյան մեքենաները ժամանակին ներկայացված էին, սակայն հիմա այլևս ոչ, ներկայացված չեն ճապոնական «Սուվարո»-ն, շվեդական «Սաաբ»-ը, ֆրանսիական «Սիտրոեն»-ը, զարմանալի է, բայց դեռևս ներկայացված չէ «Հոնդա»-ն: Ս. Ավետիսյանը նշեց, որ խոսակցություններ կան, որ այս տարի «Հոնդա»-ն պետք է ՀՀ-ում ներկայացուցչություն բացի:
Ս. Ավետիսյանի բնորոշմամբ, ներկայում ավտոշուկայի գնորդները սկսում են ավելի շատ նախընտրել մեքենա ձեռք բերել ավտոսրահներից, քան թե շուկաներից, որովհետև առաջին հերթին մեծ մասը կազմում են վարկով վերցված մեքենաները, և սրահից գնելու դեպքում ավելի դյուրին է վարկի ձևակերպումը: Երկրորդ՝ աճում է պրոֆեսիոնալ վաճառողների քանակը, որոնք ամեն ինչ անում են, որ գնորդը գա դեպի սրահ: Սրահից գնումների ծավալի մեծացմանը նպաստում է նաև երաշխիքի առկայությունը, որովհետև շուկայից գնված մեքենան երաշխիք չունի, իսկ օրինակ՝ KIA-ն 5 տարի երաշխիք է տրամադրում: «Այսինքն՝ գնում ես մեքենան և 5 տարի շահագործում ես՝ առանց որևէ ծախս անելու, իսկ մեքենան ծախսերի մի մեծ հոդված է»,- ասաց կոմերցիոն տնօրենը:








































