Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հայտարարել է, որ կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը և հարձակվող Մաուրո Սարատեն կմնան թիմում:
«Սարատեն և Սնեյդերը կարևոր ֆուտբոլիստներ են թիմի համար, և նրանք երկուսն էլ կմնան «Ինտեր»-ում: Ուեսլին կառուցում է «ներաձուրիներ»-ի խաղը կենտրոնական գոտում, իսկ Սարատեն ունի այնպիսի հատկանիշներ, որոնք ես շատ բարձր եմ գնահատում: Երկու ֆուտբոլիստներն էլ կծառայեն թիմին, այնպես որ, որևէ տեղափոխության մասին խոսք լինել չի կարող»,- Gazetta dello sport-ին տված հարցազրույցում նշել է Ռանիերին:
Իտալական մամուլում ավելի վաղ հայտնվել էր տեղեկատվություն, որ «Ինտեր»-ը չի ցանկանում իր կազմում պահել Մաուրո Սարատեին, և արգենտինացին կվերադառնա «Լացիո»: Իսկ Սնեյդերի ծառայություններով երկար ժամանակ հետաքրքրվում էր Անգլիայի առաջնության գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը պատրաստ էր հոլանդացու տրանսֆերի դիմաց իտալական ակումբին առաջարկել 30 մլն եվրո:





































