Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երեկ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել է իր դաշնակիցներից գեներալ Ռանգել Սիլվային: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Ռանգել Սիլվային նախկինում մեղադրել է թմրանյութերի տարածման, թրաֆիքինգի և հարևան Կոլումբիայի ապստամբներին զենքով ապահովելու մեջ:
Զինված ուժերի ռազմավարական գործողությունների հրամանատար գեներալ Հենրի Ռանգել Սիլվան կփոխարինի պաշտպանության նախկին նախարար գեներալ Կառլոս Մատա Ֆիգուեռոային: Այս մասին Չավեսը հայտնել է կենտրոնական Գուարանե քաղաքում, ուր ժամանել էր եկեղեցական արարողությանը մասնակցելու համար:
Ռանգելը 2010 թվականին հարուցել էր ընդդիմադիրների զայրույթը, երբ թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Զինված ուժերը չի ընդունի ընդդիմության հաղթանակը 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: Associated Press-ի հաղորդմամբ, այս քայլով Չավեսը փորձում է էլ ավելի բարկացնել ընդդիմադիր քաղաքական գործիչներին:








































