Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը պլանավորել է հերթական ռազմածովային զորավարժություններն անցկացնել արդեն փետրվարին։ Այս մասին հայտարարել է իրանցի ծովակալ Ալի Ֆադավին։
Վերջինիս խոսքերով՝ «Մեծ մարգարե VII» խորագրով այդ զորավարժություններն անցկացվելու են Պարսից ծոցի ու Հորմուզի նեղուցի շրջանում։ Նշվում է, որ վերջին 7 տարիների ընթացքում ամեն տարի անցկացվում են «Մեծ մարգարե» զորավարժությունները։ Վերջին անգամ դրանք տեղի են ունեցել 2011 թվականի հունիս-հուլիսին։ Այն ժամանակ Իրանը փորձարկել էր հորային բազավորում ունեցող հրթիռներ։
Ֆադավին հայտարարել է, որ «Մեծ մարգարե VII» զորավարժությունները կոչված են ցուցադրելու Իսլամական հեղափոխության պահակազորի ուժը՝ ընդգծելով, որ առաջիկա մանևրները տարբերվելու են նախորդներից։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 24-ից մինչև այս տարվա հունվարի 2-ը Իրանը հիշյալ ռազմավարական շրջանում անցկացրել է «Վելայաթ 90» խորագրով ռազմածովային զորավարժություններ։










































