Վրացական ընդդիմադիր «Ալիա» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հիասթափվել է ամանորյա գիշերը Բաթումում լեգենդար իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասի տված համերգից, որի մուտքն ազատ է եղել։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր Քրիստոնյա դեմոկրատների շարժման աջարական մասնաճյուղի ղեկավար Թամազ Բակուրիձեն։
Վերջինս նշել է, որ այդ համերգին ավելի քիչ մարդ է ներկա գտնվել, քան նախորդ տարվա ամանորյա գիշերն Էնրիկե Իգլեսիասի տված համերգի ժամանակ. «Մարդկանց հիմնականում կազմակերպված ձևով բերել էին գյուղերից։ Եվ երբ վրա է հասել ամանորը, մարդիկ սկսել են ցրվել իրենց տները։ Դրանից հետո Խուլիո Իգլեսիասը փաստացի երգել է միայն վրացական ոստիկանության ու ներքին զորքերի համար։
Մեր տեղեկություններով՝ Սաակաշվիլին, որը նույնպես ներկա է գտնվել այդ համերգին, խիստ վիրավորվել է նրանից, որ այդքան քիչ մարդ է եկել Խուլիոյի համերգին։ Սաակաշվիլին այդ կապակցությամբ պետք է նախապես հարցներ Աջարիայի բնակիչներին։ Մարդիկ ապրում են ծանր պայմաններում»։
Իսկ վրաց լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է, որ այդպիսի համերգների անվան տակ վրացական իշխանությունները «միլիոններ են լվանում»։











































