2011 թվականը Հայաստանի համար այնքան էլ հեշտ տարի չէր` ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականության առումներով: «Առաջին լրատվական»-ի հետ տարեվերջյան ամփոփիչ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Իհարկե, 2008 թվականի մարտյան ճգնաժամից հետո փորձ արվեց հաղթահարելու ներքաղաքական և արտաքին քաղաքական ճգնաժամերը, միջազգային կառույցներում վերականգելու Հայաստանի իմիջը: Որպես միջազգային կառույցներում՝ թե ԵԽ-ում, թե Եվրախորհրդարանում աշխատող պատգամավոր՝ պետք է ասեմ, որ նույն այդ միջազգային կառույցներում վերջին շրջանում մեր երկրի համար բավականին դրական իմիջ ենք կարողացել ձևավորել: Իհարկե, դա մեզ չէր հաջողվի, եթե որոշակի քայլեր չարվեին հենց երկրի ներսում: Այդուհանդերձ, մեզ համար կարևորագույն մարտահրավեր մնում են առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Այսպիսի համակ ուշադրություն, որով նրանք հետևելու են կայանալիք ընտրություններին, երբևէ չի եղել: Խաղաքարտին շատ բան է դրված: Մեր երկրի ապագան մեծապես կախված է հենց այդ ընտրություններից: Կկարողանա՞ Հայաստանը վերջապես ձերբազատվել այն ձևակերպումներից, թե մեզ մոտ կայացած ընտրությունները «գրեթե» կամ «համարյա» համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Սա շատ կարևոր է:
Բացի այդ, այն մոտեցումը, որ Հայաստանն անցումային ժողովրդավարության երկիր է, ճիշտ չէ: 20 տարվա անկախություն ունեցող երկիրը արդեն չի կարող ասել, որ ինքը նոր և անցումային ժողովրդավարության երկիր է: Մենք պետք է ունենանք լրջագույն ժողովրդավարական ավանդույթներ՝ պատշաճ կերպով ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու համար»,- ամփոփեց պատգամավորը:








































