Ինչքան էլ օրիգինալ չէ, ինչքան էլ թվա սովորական, միևնույն է, տարվա վերջին անխուսափելի է արածի ու չարածի մասին խոսելը, ձեռքբերումներն ու բացթողումները գնահատելը, անցած 365 օրերը լավի ու վատի, հաջողի ու անհաջողի բաժանելը:
Տարեվերջին դրանով են զբաղվում բոլորը: Ու դժվար է ասել, թե ամփոփելով բոլորի ամփոփումները` ինչ պատկեր կստացվի 2011 թվականի համար: Յուրաքանչյուրը երևի թե ունի տարվա իր պատկերը, իր հաջողություններն ու անհաջողությունները, իր ձեռքբերումներն ու կորուստները: Բայց կա նաև ընդհանուրը, հասարակականը, պետականը: Վերջին հաշվով, հենց դրանցից են կախված նաև յուրաքանչյուրի անձնական հաջողություններն ու անհաջողությունները:
Այդ իմաստով, 2011 թվականը, թերևս, կարելի է որակել առնվազն բացթողումների տարի, որի ընթացքում հասարակական ու պետական որևէ խնդիր չստացավ իր լուծումը: Հայաստանում շարունակվեցին մարդու իրավունքի և ազատությունների խախտումներն ու հետապնդումը, Հայաստանում շարունակվեց սոցիալական անարդարությունը, իշխանությունը շարունակեց արհամարհել հասարակությանն ու նրա հետ խոսել բացառապես ուժի դիրքերից, շարունակվեցին հալածանքները ընդդիմության ակտիվիստների հանդեպ, ու թեև երկխոսությունը չսկսված՝ խեղդվեց օրորոցում, ուրախալի է առնվազն, որ քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին, և այս տարի նրանք իրենց ընտանեկան հարկի տակ կնշեն Ամանորը:
Այդ ամենը հանգեցրեց նրան, որ Հայաստանը շարունակեց արտաքին քաղաքական առումով լինել մի երկիր, որը իրեն իսկ վերաբերող հարցերում առավելապես դիտորդի կարգավիճակում գտնվող երկիր է: Ի մի բերելով այդ ամենը` ստիպված ենք փաստել, որ 2011 թվականը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքում արձանագրելով տարբեր իրողություններ` պետության և հասարակության կյանքում շարունակեց այն բացասական իրողություններն ու միտումները, որոնք ժամանակի ընթացքում ավելի ու ավելի են խոչընդոտում Հայաստանի Հանրապետության զարգացումը:
Բայց, այդուհանդերձ, 2011 թվականը ճանապարհ դնելիս, թերևս, կարող ենք արձանագրել մի հանգամանք, որը կարող է դառնալ հետագա ընդհանուր հաջողությունների ամուր հենքը: Խոսքը այն քաղաքացիական պայքարի մասին է, որը մեկնարկեց նախագահական ընտրություններից առաջ, և գուցե թափի մի փոքր անկմամբ, բայց նույն հաստատակամությամբ շարունակվեց 2009, 2010, 2011 թվականներին: Կասկած չկա, որ 2012 թվականն էլ սկսվելու է այդ պայքարով, որը մայիսի 6-ին բյուրեղանալու է Հայաստանի բոլոր ընտրատարածքներում, երբ տեղի կունենան համապետական խորհրդարանական ընտրություններ: Մնում է միայն, որ քաղաքացիական պայքարով սկսած տարին ավարտվի քաղաքացիական հաղթանակով:











































