Միլիոնավոր մարդիկ օգտագործում են Twitter սոցիալական կայքը` այնտեղ գրելու համար ցանկացած բան, որ գալիս է իրենց մտքին հենց այդ վայրկյանին: Նոր հետազոտությունը պարզում է, որ այդ մարդիկ այնքան էլ երջանիկ չեն:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է կայքում ամբողջ աշխարհից 63 միլիոն մարդու կողմից գրված 46 միլիարդ բառերի «երջանկության մակարդակը»: Վերմոնթի համալսարանի հետազոտողները պարզել են, որ լավ տրամադրություն արտահայտող բառերը կայքում օգտագործված բառերի շատ փոքր մասն են կազմում:
Mail Online-ը գրում է, որ կայքում գրված բառերի «երջանկության մակարդակը» որոշվել է Mechanical Turk կոչվող ծառայության միջոցով: Այս կայքում կամավոր սկզբունքով ընտրված մասնակիցներն անգլերենում ամենաշատ հայտնվող 10.000 բառերը գնահատել են ըստ «երջանկության մակարդակի»՝ մեկից ինը միավորանոց համակարգով: Օրինակ «ծիծաղ» բառը ստացել է 8.5 միավոր, իսկ «ահաբեկիչ» բառը՝ 1.3 միավոր:
Եվ քանի որ յուրաքանչյուր թվիթի հետ նաև նշվում է այն գրելու ամսաթիվը, հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես են փոխվում մարդկանց զգացմունքները: Պարզվում է, որ մարդիկ ավելի դժբախտ են դարձել վերջին մի քանի տարիների ընթացքում և հատկապես 2011 թվականի առաջին կեսին: Չնայած, որ այս հետազոտության արդյունքները հետաքրքիր են, պետք է հիշել, որ դրանք չեն արտահայտում համաշխարհային բնակչության տրամադրությունը, այլ միայն կայքն օգտագործողների:







































