Դեկտեմբերի 23–ին հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իր գոհունակությունը հայտնելով վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին մայրաքաղաքում տեղացած ձյան մաքրման և ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքների հետ կապված, միաժամանակ հանձնարարել է, սանմաքրման և կանաչապատման ձեռնարկությունների հետ համատեղ, մինչև օրվա վերջ կազմակերպել մայթերի ու կանգառների, երկրորդական փողոցների, բակային տարածքների, աստիճանավանդակների ձյան մաքրման աշխատանքները, ինչպես նաև շուրջօրյա աշխատանքային գրաֆիկ սահմանել և պատրաստ լինել առաջիկայում սպասվող հնարավոր տեղումների հետևանքներն արագ վերացնելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նշվել է, որ մասնակի թերացումներ են նկատվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Վիճակը շատ արագ շտկվել է, սակայն դրա հետևանքով սանմաքրման ձեռնարկության տնօրենն ազատվել է աշխատանքից:
«Տեղումների ժամանակ քսանչորս ժամ շարունակ ոչ միայն պետք է հետևենք աշխատանքների օպերատիվ կազմակերպմանը, այլև կանգնեք սանմաքրման աշխատակիցների կողքին:
Աղ ու ավազը խնայել պետք չէ: Ճանապարհները պետք է լինեն անցանելի, բնակիչը ձյան մաքրման հետ կապված դժգոհություն չպետք է ունենա»,- ընդգծել է Տ. Մարգարյանը`ավելացնելով, որ ռեսուրսները բավարար են աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար, թերացումների դեպքում պատասխանատուները կպատժվեն:











































