«Գալիք տարում սպասվում է ավելի բարդ տարի, և չեմ կարծում, որ գերխնդիրը պետք է լինի բյուջեի դեֆիցիտի կրճատումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց 1994-1998թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նա նշեց, որ հաջորդ տարի նախատեսվում է էապես կրճատել բյուջեի դեֆիցիտը: Բ. Ասատրյանի խոսքով, դեֆիցիտը նշանակում է, որ կառավարությունը չաշխատած փողերով ծախս է անում, բայց այս իրավիճակում այդ խնդիրն այնքան էլ արդիական չէ:
Բ. Ասատրյանը նկատեց, որ սովորաբար բյուջեն պետք է ծառայի ընթացիկ քաղաքականության ապահովմանը, և մասնավորապես դեֆիցիտը և այս պարագայում դեֆիցիտի կրճատումն առանձնապես ոգևորիչ չեն:
Նշենք, որ 2012թ. պետբյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) ծրագրվել է 132.5 մլրդ դրամ՝ 2011-ի 148.6 մլրդ դրամի դիմաց: Դա կազմում է ՀՆԱ-ի մոտ 3.1%-ը:









































