«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի գծով այս տարվա ընթացքում հայտարարվել է ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրություն: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ մասնակիցների տեխնիկական առաջարկությունների գնահատումից հետո բացվելու են ֆինանսական առաջարկները, որից հետո կընտրվի հաղթող կազմակերպությունը:
Աշտարակ-Թալին, Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարական միջազգային բաց մրցույթների հայտերը գնահատվել են, և հաշվետվությունը վերանայման ու հաստատման նպատակով ուղարկվել է Ասիական զարգացման բանկ:
«Հավանություն ստանալուց հետո ծրագիրը կներկայացվի ավելի լայն տեսքով, և կկնքենք պայմանագիրը շինարարի ու կառավարչի հետ: Պատրաստ է նաև 3-րդ տրանշի նախագիծը»,- նշեց նախարարը:
Ճանապարհների օտարման շերտում գտնվող հողատարածքների օտարման աշխատանքները ավարտական փուլում են:
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրով շինարարական աշխատանքների համար 2011թ. նախատեսված էր 11.3 մլրդ դրամ` 140 կմ ճանապարհների վերականգնման համար: Փաստացի վերականգնվել են 43.4 կմ ճանապարհ` 4,627.6 մլն դրամ ընդհանուր արժեքով, ինչպես նաև 81 կմ ճանապարհների վերականգնման համար իրականացված մրցույթների արդյունքում կնքվել են 6,337.8 մլն դրամ գումարի պայմանագրեր, որոնցով աշխատանքները կավարտվեն 2012թ:
«Ամբողջությամբ ավարտվել է մրցույթների իրականացումը և մարտ-ապրիլից շինաշխատանքները կսկսենք»,- ասաց Մ. Վարդանյանը:
Ըստ Մ. Վարդանյանի՝ ևս 34 կմ ճանապարհների վերականգնման համար պայմանագրերը կկնքվեն 2012թ. սկզբին: Մրցույթների արդյունքում վարկային միջոցների տնտեսումը կազմել է 1025 մլն դրամ, որի հաշվին ֆինանսավորվել է Քաղսի-Հրազդան (1.7 կմ), ինչպես նաև կֆինանսավորվի Մ4-Աղվերան (12.9 կմ) ճանապարհը:
Նախարարը կարևորեց դեֆլեկտոմետրի (ճանապարհային ծածկի ամրությունը ստուգող սարք) ձեռքբերումը, որը թույլ է տալիս կատարել ճանապարհածածկի ամբողջական զննում առանց քանդման և օգտագործվում է ծածկի կառուցվածքային զննման աշխատանքներում: Ընթանում են ավտոմոբիլային ճանապարհների ռեգիստրի և ճանապարհաշինական տեխնիկայի ռեգիստրի ստեղծման աշխատանքները:
Մ. Վարդանյանի բնորոշմամբ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ծրագիրը և Հայաստանի հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման հայեցակարգը կիրականացվի պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով. «Նոր ճանապարհով կաշխատեն երթուղային և միկրոավտոբուսներ, կգործի երկաթուղի»:











































