Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արել հավասարություն պահպանել Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում։
Այս մասին նշված է Ներկայացուցիչների պալատի ու Սենատի կողմից հաստատված 2012 ֆինանսական տարվա հատկացումների նախագծում։ 1200 էջից բաղկացած այդ փաստաթղթղում Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արվում խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը.
«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հրաժարվել ուժ գործադրելու սպառնալիքներից, աջակցել երկխոսության բարելավմանը և հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերին»։
Նշվում է, որ 2012 թվականին ԱՄՆ-ը Եվրոպայի, Եվրասիայի ու Միջին Ասիայի երկրներին հատկացնելու է 626.7 միլիոն դոլար, ինչը 69 միլիոն դոլարով պակաս է այս տարվա համեմատ։











































