Լուրջ նպատակներ հետապնդող իսպանական «Մալագա»-ն կարող է ցնցել ձմեռային տրանսֆերային պատուհանը` ձեռք բերելով «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորրեսին: Անգլիական ԶԼՄ-ների տեղեկացմամբ անդալուզյան ակումբի քաթարցի մեծահարուստ սեփականատերերը հարձակվողի տրանսֆերի ձեռքբերման համար կարող են ծախսել շուրջ 25 մլն ֆունտ:
«Եվրո-2008»-ի եզրափակիչում Իսպանիայի հավաքականի կազմում խփած հաղթական գոլի հեղինակին իր կազմ հրավիրելով` «Մալագա»-ն հուսով է վերացնել հարձակման գծում առկա խնդիրները:
Հիշեցնենք, որ Տորրեսը «Չելսի» տեղափոխվեց «Լիվերպուլ»-ից` 2011 թվականի սկզբին, սակայն այդպես էլ չկարողացավ հարմարվել իր ներկայիս թիմում: «Արիստոկրաներ»-ի կազմում անցկացրած 35 խաղերում իսպանացին խփել է ընդամենը 5 գնդակ:
Ավելի վաղ «Չելսի»-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ պատրաստ է իսպանացուն վաճառել այն թիմին, որը կվճարի 20 մլն ֆունտ:







































