Ողջ ոստիկանական համակարգը քաղաքականացված է: Ոստիկանության ապարատը անկախ, անկողմնակալ չի կարող լինել, չի կարող յուրաքանչյուրը կատարի իր գերատեսչական և ֆունկցիոնալ պարտականությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Հովիկ Արսենյանը`գնահատելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործունեությունը:
Իրավապաշտպանը ցավալի է համարում, որ շարունակվում են իրավապահ մարմինների շատ կոպիտ մոտեցումները: «Շատերին դիմադրության հոդվածներով սկսում են ճնշել, գործեր բարդել: Ոստիկանության յուրաքանչյուր աշխատակից կիրառում է դա, որը բացասական արձագանք է թողնում հասարակության շրջանում, որովհետև ոստիկանությունը նրա համար է, որ հասարակական կարգը պահպանվի, անվտանգությունը պահպանվի»,- մեկնաբանեց Հ. Արսենյանը`հավելելով, որ դա պետք է մինիմումի հասցվի: Նա դա կապում է ոստիկանության աշխատակիցների վատ աշխատանքի հետ:
Հ. Արսենյանը կարևորում է ճանապարհային ոստիկանության և արտաքին ծառայության աշխատանքը: «Ես հատկապես ուշադրություն կդարձնեի արտաքին ծառայության աշխատանքի բարելավմանը, դա շատ կարևոր է, անմիջականորեն հասարակության հետ է շփվում: Պետք է ներշնչի վստահություն և հավատ»,- նշեց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալիկ Սարգսյանն ազատվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել ՀՀ նախագահի խորհրդական: Այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանապետ:











































