Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան Անկարայում հանդիպում է ունեցել նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Պանետան անդրադարձել է մի շարք խնդիրների.
«Մալաթիայում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) տեղակայումը դուր չի գալիս Իրանին։ Սակայն նա պետք է հաշտվի ստեղծված իրավիճակի հետ՝ ցանկանա դա, թե ոչ։ Մենք գոհ ենք, որ Թուրքիան համաձայնել է իր տարածքում տեղակայել այդ ՌՏԿ-ն։
ԱՄՆ-ը երկար ժամանակ է, ինչ շարունակում է Իրանին մեկուսացնելու իր քաղաքականությունը, և այդ պլանում ներառում է նաև այլ երկրների։ Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով մեր առանցքային դաշնակիցներից ու գործընկերներից մեկն է։
Այսուհետ մենք Թուրքիային ավելի շատ ենք աջակցելու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարում։ Այդ նպատակին են ծառայելու Իրաքից Ինջիրլիքի ավիաբազա բերված Predator անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), որոնք Իրաքի կառավարության թույլտվությամբ Թուրքիայից հետախուզական թռիչքներ կկատարեն դեպի Հյուսիսային Իրաք (ուր գտնվում են PKK-ի ճամբարները)։
Մենք կարևորում ենք նաև թուրք-իսրայելական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը։ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ սերտորեն համագործակցում է Սիրիայի հարցում»։










































