1915թ. այս օրը Թուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց 1914թ. փետրվարի 8-ին ստորագրած հայաբնակ նահանգներում բարենորոգումների ծրագիրը:
1914թ. հունվարի 26-ին կնքվում է ռուս-թուրքական համաձայնագիր Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու վերաբերյալ: Այն նախատեսում էր Արևմտյան Հայաստանը բաժանել երկու նահանգի: Առաջին նահանգի մեջ մտնելու էին Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի, իսկ երկրորդի մեջ՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթները: Նահանգապետերի թեկնածությունն առաջադրելու էին եվրոպացիները, իսկ հաստատելու էր սուլթանը: Նահանգապետերի ենթակայության ներքո էին գտնվելու վարչական, դատական և ոստիկանական իշխանությունները: Նահանգներում պաշտոնական գրագրությունը կատարվելու էր տեղի ժողովուրդների լեզուներով (հայերեն, քրդերեն և թուրքերեն):
Նահանգապետերն ունենալու էին զինված ուժեր, որոնք պետք է հետևեին նահանգների ներքին կարգ ու կանոնին: Հայերին արտոնվում էր մահմեդականների նման զենք կրել: Նահանգների վարչական խորհուրդները կազմվելու էին հավասար թվով մահմեդականներից ու քրիստոնյաներից: Նույն սկզբունքը պետք է կիրառվեր ոստիկանական և այլ պաշտոններ բաշխելիս: Հայկական դպրոցների պահպանման ծախսերն իր վրա էր վերցնում Օսմանյան պետությունը:
1914թ. գարնանը Արևմտյան Հայաստանի նահանգապետեր են նշանակվում հոլանդացի դիվանագետ Լ. Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Ն. Հոֆը: Նրանք նոր էին անցել իրենց պարտականությունների կատարմանը, երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Հայկական բարենորոգումներն այդպես էլ չիրականացան:









































