Նորվեգիայի ոստիկանությունը ձերբակալել է հինգ մարդու, որոնց կասկածում են ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի էլեկտրոնային փոստի հասցեն կոտրելու մեջ:
Ինչպես հայտնում է Dagbladet պարբերականը, ձերբակալվածները նորվեգական ցանցահենային Նորիա (Noria) խմբի անդամներն են, որը միջազգային Անոնիմուս (Anonymous) խմբավորման տեղական մասնաճյուղն է: Գործողություններ իրականացնելու համար ոստիկանությանն օգնել են Նորվեգիայի անվտանգության ծառայության աշխատակիցները:
Հետաքննության տվյալներով, այս ամառ կասկածյալները կոտրել են Բրեյվիկի էլեկտրոնային փոստի հասցեն և Twitter-ի հաշիվը: Նրանց մեղադրում են նաև շորթման և համացանցի միջոցով սպառնալու մեջ: Որոշ տվյալների համաձայն՝ երկրորդ իրավախախտման համար առաջադրված մեղադրանքը ձերբակալվածներն ընդունել են:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 22-ին նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը սպանդ էր կազմակերպել Ուտեյա կղզում, որտեղ այդ պահին ընթանում էր Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական հավաքը: Բրեյվիկը կրակել էր 69 մասնակիցների վրա։ Մինչ այդ էլ ութ մարդ զոհվել էր Օսլոյում նրա իրականացրած պայթյունների հետևանքով:










































