Նախաքննական մարմնի՝ այս շաբաթ հրապարակելիք հատուկ զեկույցը, որում մանրամասն ներկայացվելու են 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների բացահայտման ուղղությամբ շուրջ 4 տարի ընթացող աշխատանքներն ու «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի արձանագրած արդյունքները, առանձնակի հույսեր չի ներշնչում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը:
«Ես՝ որպես փաստահավաք խմբի նախկին անդամ, վստահ չեմ, որ դրական ելք կլինի, ուղղակի կարծում եմ, որ դատախազությունում հետաքրքիր մոտեցում կա: Եթե 3-4 քննչական գործողություն ավելի է արվում, և հասարակությանն էլ ասում են, որ գործ են արել, անկախ դրական ելքից՝ դա դիտում են որպես բազմակողմանի քննություն: Ինձ թվում է՝ հասարակությանը չի հետաքրքում, թե քանի քննչական գործողություն է ավելի արվել, արդյունքի իմաստով դրական ելք չեմ ակնկալում: Միգուցե 85 հոգու ավելի են քննել, գուցե գնացել, նորից դեպքի վայրն են զննել, սակայն արդյունքում, ինձ թվում է, ոչ մի որոշակի բան չի արվել»,- ամփոփեց Սեդա Սաֆարյանը:











































