Եթե անգամ Ասադի վարչակարգի հնարավոր տապալումից հետո Սիրիայում իշխանության գան իսլամիստական ուժեր, բացառվում է, որ այդ երկրի հայ համայնքը զգալի կորուստներ ունենա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Լիբանանում լույս տեսնող «Զարթոնք» թերթի խմբագիր Պայծիկ Գալայջյանը:
«Չեմ կարծում, որ սիրիահայերի ապագան վտանգված է, որ նա սպառնալիքների ներքո է ապրում: Հայ համայնքը թե՛ Սիրիայում, թե՛ Լիբանանում միշտ դրական չեզոքություն է պահպանել և հարգանք է պարտադրել այդ երկրների ղեկավարություններին: Եթե հիշենք, որ Հայոց ցեղասպանությունից ճողոպրած հայերին Սիրիայում առաջինը դիմավորեցին ծայրահեղ իսլամիստները, ապա այժմ էլ, եթե վերջիններս իշխանության գան, հայերին ոչինչ չի սպառնա»,- նկատեց նա:








































