РИА Новости-ի փոխանցմամբ՝ այսօր Բաքվում մեկնարկում են Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) պայմանագրի երկարաձգման ռուս-ադրբեջանական բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Բանակցություններ վարելու նպատակով Բաքու է ժամանել ռուսական պատվիրակությունը, որը գլխավորում է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը։ Բանակցությունները տևելու են մինչև դեկտեմբերի 15-ը։
Հիշեցնենք, որ Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը սպառվում է 2012 թվականի դեկտեմբերի 24-ին, և Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են այն երկարաձգել մինչև 2025 թվականը։ Ռուսաստանը մտադիր է մինչև 2019 թվականը Գաբալայում գործող «Դարյալ» տիպի (խորհրդային ժամանակ կառուցված) ՌՏԿ-ն փոխարինել նորագույն Воронеж-ВП տիպի ՌՏԿ-ով։









































