ԱՄՆ կառավարությունը հրաժարվել է երկիր մուտք գործելու արտոնագիր տրամադրել Եմենի «պատվավոր» նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին:
Եմենի ԶԼՄ-ները նշում են, որ Սալեհը կարող է ստանալ վիզա միայն հատուկ քայլեր ձեռնարկելուց հետո: ԱՄՆ-ը Սալեհից պահանջում է Եմենում անցկացնել նախագահական ընտրություններ ու կազմավորել «ազգային միասնության կառավարություն»,ինչպես նաև՝ ստեղծել անվտանգության հատուկ կոմիտե, որը վերջ կդնի բռնություններին:
BBC-ն գրում է, որ Եմենի «պատվավոր» նախագահը մեկնել էր Սաուդյան Արաբիա, որտեղից պլանավորում էր մեկնել ԱՄՆ` բուժման նպատակով:
Հիշեցնենք, որ Սալեհը համաձայնել էր իշխանությունը հանձնել ժամանակավոր անցումային կառավարությանը՝ վարչապետ Աբեդ Ռաբբո Մանսուր Ալ Խադիի գլխավորությամբ: Սակայն այս քայլից հետո էլ երկրում շատ բան չի փոխվել՝ շարունակվում են ցույցերը: Ընդդիմադիրները պահանջում են իշխանափոխություն և ցանկանում են, որ «պատվավոր» հռչակված նախագահը կանգնի դատարանի առաջ:










































