Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Փյունիկ» հաշմանդամների միության անդամների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը քաղաքապետարանի հերթական քայլն է սահմանափակ կարողություններով մարդկանց գործունեությունն արժևորելու ուղղությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ցուցահանդեսի բացմանը, շրջել է սրահում և ծանոթացել ցուցանմուշներին, զրուցել հեղինակների հետ:
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին համագործակցության և այն պատրաստակամության ու աջակցության համար, որ ցուցաբերում է քաղաքապետարանը և անձամբ քաղաքապետը՝ միության կազմակերպած միջոցառումներին:
Հ. Աբրահամյանի խոսքով՝ գործունեության 22 տարիների ընթացքում միությունը փորձել է ստեղծել պայմաններ, որ հաշմանդամները ինքնադրսևորվելու հնարավորություն ունենան մշակույթի, սպորտի և աշխատանքի ոլորտներում և բազմաթիվ հաջողություններ են գրանցել:
ՄԱԿ-ի սահմանած Սահմանափակ կարղություններով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ գեղանկարչական ցուցահանդեսի և համերգային ծրագրի մասնակիցներին Տ. Մարգարյանը հանձնել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր և դրամական պարգևներ:
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև միության անդամ ստեղծագործող երիտասարդ երաժիշտները:
Ցուցադրությունը բաց է մինչև դեկտեմբերի 9-ը:











































