Շարունակվում է նոյեմբերի 21-ից մեկնարկած, հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված «Բաբաջանյան ֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 19-ը:
«Բաբաջանյան ֆեստի» կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` «Բաբաջանյան ֆեստ»-ի շրջանակում կկայանա 6 համերգ:
Այսօր` նոյեմբերի 22-ին` ժամը 19-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի 2-րդ համերգը:
Ծրագրում կհնչեն Ա. Բաբաջանյանի «Վեց պատկեր դաշնամուրի համար» ստեղծագործությունը (մենակատար Արմեն Բաբախանյան, դաշնամուր), Բաբաջանյանի Ջութակի սոնատը (մենակատարներ Ջեմմա Աբրահամյան, ջութակ, Ա. Բաբախանյան, դաշնամուր), Դաշնամուրային տրիոն (մենակատարներ` Ա. Բաբախանյան, դաշնամուր, Ջ. Աբրահամյան, ջութակ, Արամ Թալալյան, թավջութակ), կոմպոզիտորի Լարային կվարտետ No.3-ը (մենակատարներ Ջ. Աբրահամյան, առաջին ջութակ,
Ստեփան Խալաթյան, երկրորդ ջութակ, Յանա Դարյան ալտ, Արամ Թալալյան թավջութակ:
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի`«Բաբաջանյան ֆեստ»-ի հերթական համերգները կկայանան դեկտեմբերի 5-ին և 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին և 19-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19:00-ին:
Փառատոնի փակմանը`դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյանի և հայտնի էստրադային երգիչ- երգչուհիների կատարմամբ:
Սպասվում են բազում գեղեցիկ անակնկալներ:








































