Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ պատրաստվում է մնալ այդ պաշտոնում մինչև 2031 թ.:
«Ես ցանկանում էի հեռանալ 2021 թ., բայց քանի որ ընդդիմությունը պնդում է,որ ես մահանում եմ, ապա ես այլ ծրագիր եմ ընդունել. Աստծո օգնությամբ և ձեր հավանությամբ՝ ես կկառավարեմ մինչև 2031 թ.»,- ասել է նա երկուշաբթի ուսանողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Չավեսը հայտնել է, որ «համոզիչ հաղթանակ» կտանի առաջիկա նախագահական ընտրություններում, որոնք Վենեսուելայում տեղի կունենան գալիք տարվա հոկտեմբերին: Դրան, նրա խոսքերով, կհետևի «սոցիալիստական հեղափոխության խորացման գործընթացը»: «Սակայն ինչքան էլ որ ես ապրեմ, ինձ չի հաջողվի տեսնել այն Վենեսուելան, որի մասին ես երազում եմ»,- խոստովանել է Չավեսը` կոչ անելով ուսանողներին շարունակել իր սկսած գործը:
«Սոցիալիզմ, սոցիալիզմ ու ևս մեկ անգամ սոցիալիզմ,- բացականչել է նախագահը:- Մենք պետք է ուժեղացնենք պայքարը հասարակական խոցերի դեմ, որոնք մեզ ժառանգություն են հասել անցյալ ժամանակներից. բռնություն, հանցագործություններ, անհավասարություն, կոռուպցիա, էգոիզմ, անհատականություն»:
Հիշեցնենք՝ այս ամառ Վենեսուելայի նախագահը քաղցկեղի բուժման կուրս էր անցնում:










































