Եգիպտոսում ցուցարարների և ոստիկանության միջև բախումները հանգեցրել են ամենաքիչը երկու հոգու մահվան՝ Կահիրեում և Ալեքսանդրիայում: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը: Իսկ Ալ-Ջազիրա հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Ալեքսանդրիայում երկու մարդ է մահացել, իսկ Կահիրեում` մեկ:
Անկարգությունները սկսվեցին այն բանից հետո, երբ նոյեմբերի 19-ին ոստիկանները քանդեցին Թահրիր հրապարակում տեղադրված վրանային ճամբարը:
Նոյեմբերի 20-ի գիշերը ցուցարարները գրավել են Թահրիր հրապարակը՝ դուրս մղելով այնտեղից ոստիկաններին: Ցուցարարները երկրի նոր ժամանակավոր ղեկավար Հուսեյն Տանտաուիին կոչ են արել հեռանալ:
Բախումների ընթացքում վիրավորվածների թիվը գերազանցում է 750-ը։ Նրանց մեջ կան տասնյակ ոստիկաններ:








































