Սեպտեմբերի 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ի «Եղնիկներ» զորամասից Երև անի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխված զինծառայող Ժորա Մկրտչյանը երկարատև բուժում ստանալուց հետո հոսպիտալից տուն կգնա նոյեմբերի 27-ին, բայց մինչև հիմա ծնողներին չեն տվել որև է դատաբժշկական եզրակացություն:
19-ամյա զինծառայող Ժորա Մկրտչյանը (Թալինի Լուսական գյուղ) ԼՂՀ պաշտպանության բանակ մեկնել է ծառայելու մեծ ուրախությամբ: Հայրը` Մկրտիչ Մկրտչյանը պատմեց, որ մինչև միջադեպը տղան միշտ բարձր տրամադրությամբ էր զանգահարում ծնողներին. «Վերջին անգամ մենք խոսել ենք հուլիսի 23-ին` ծննդյանս օրը, շնորհավորեց, դրանից հետո սեպտեմբերի 11-ի երեկոյան մի զանգ եկավ, զգացի՝ լավ չի ձայնը, հարցրի` Ժորիկ ջան, ինչ է պատահել, ասաց` պապ, ամեն ինչ լավ է, պոստի էի, ցուրտ էր, մի փոքր հիվանդացել եմ»: Սակայն հայրը չի հավատացել, քանի որ տղայի ձայնը տարօրինակ է թվացել, արտաբերած բառերն էլ` անորոշ: Ժորայի հայրը պատրաստվել է մեկնել «Եղնիկներ», երբ սեպտեմբերի 27-ին հոգեբուժական բաժանմունքից զանգել են, կանչել. «Էն, ինչ տեսա, սարսափելի էր, տղաս գլուխը դնում էր սեղանին ու քնում: Շատ վատ վիճակում էր, ականջը կապույտ միս էր, ես հույս չունեի, որ երեխես կփրկվի, ապրի բժիշկ Սարգսյանը»,- ասաց Մ.Մկրտչյանը` փաստելով, որ բուժման ընթացքում միջադեպի մասին ոչ մի բան չի կարողացել տղայից իմանալ, և միայն վերջերս է տղան կարողացել պատմել կատարվածը:
Բժիշկ Սարգսյանը թեև Մկրտիչ Մկրտչյանին ասել է` անհոգ եղիր, բայց փաստել է, որ հետևանքներ, այնուամենայնիվ, կմնան. «Տղայիս կես մարդ են սարքել, անդամալույծ»: Իսկ ինչու է առողջ տղան անդամալույծ դարձել. Ստեփանակերտից այդ հարցերով զբաղվող քննիչը, որը եկել է Երևան, պատմել է, որ Ժորա Մկրտչյանը դիրքերից իջել է գետում ոտքերը լվանալու, զինգրքույկը գրպանից ընկնել է, տղաներից մեկը վերցրել է և նետել մոշուտի հետև ում գտնվող բացօթյա կեղտոտ զուգարանը, իսկ Ժորիկն ընդամենը հարցրել է` ինչո՞ւ արեցիր: Միջադեպը շարունակվել է երեկոյան, երբ Ժորան վառարանի մոտ նստած է եղել, զինգրքույկը շպրտողը և հետը ևս երկու հոգի եկել են և սկսել Ժորային ծեծել, գլխին խփել, ականջները քաշել. «Տղաս կռվարար չէ ընդհանրապես… պապիրոսով վիզը, ձեռքերը վառել են, ապա նվաստացրել, ծաղրել: Փայտով խփել են ականջին, ականջը ջարդել, և անդադար հարվածներ հասցրել Ժորայի սրտի շրջանում», -ասաց Մկրտիչ Մկրտչյանը` ավելացնելով, որ հիմա Ժորան անդադար բողոքում է սրտի շրջանում ցավերից:
Բժիշկը Ժորայի հորն ասել է, թե տղան արյան զեղում է ստացել. «Ոչ թե ինքը գիժ է, այլ հոգեկան ապրումներ կունենա այդ ծեծից, այսինքն` տարօրինակությունները կմնան, ես չգիտեմ` ինչ ձևի են ծեծել, միայն գիտեմ, որ Ստեփանակերտում այդ ծեծից հետո շատ վատ է եղել, անհույս վիճակում Կանազի հոսպիտալ են բերել, շատ անհույս վիճակում»,- ասաց Մ.Մկրտչյանը` նշելով, որ տարօրինակությունների իսպառ վերացման համար շատ փող և լավ բժիշկներ են պետք, իսկ փողը ինքը չունի. «Ես այդքան գումար չունեմ, առավոտից իրիկուն անասուն եմ արածեցնում, առավոտից իրիկուն` քամուն, անձրևին, կարկուտին… առողջ երեխայիս ղրկեմ բանակ, խեղկատակ սարքին, բերին տվին ձեռս, ո՞նց ներեմ, ո՞ւմ ներեմ»:
Ժորա Մկրտչյանն այս դեպքերից հետո անգամ խնդրել է հորը, որ օգնի տղաներին, մեղադրանքը հետ վերցնի. «Պապ, չէ՞ որ ես կարող ա նրանց տեղը լինեի, բա քո վիճակը պատկերացնո՞ւմ ես», սակայն հայրը չի պատկերացնում և գտնում է, որ յուրաքանչյուրը պետք է իր արժանի պատիժը ստանա:
Հիշեցնենք, որ դեպքի կապակցությամբ, սերժանտ Վաչիկ Գաբրիելի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ), շարքայիններ Ալբերտ Առաքելյանին ու Մովսես Բադալյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):








































