Սան Ֆրանցիսկոյում ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել ուսման վարձերի բարձրացման դեմ, որի ժամանակ ձերբակալվել է 100 ուսանող: Ինչպես հաղորդում է The San Francisco Chronicle պարբերականը, Հյուսիսային Կալիֆոռնիայից շուրջ 200 ուսանողներ գրավել են Սան Ֆրանցիսկոյի Bank of America-ի մասնաճյուղը և շենքում նստացույց են կազմակերպել` վանկարկելով` «Ամոթ, ամոթ»:
Նրանք հանդես են եկել Կալիֆոռնիայի համալսարանի ղեկավարության դեմ` նրանց անվանելով հարուստներ, որոնք չեն ցանակնում լուծել բարձրագույն կրթության հարցը: Հարձակման համար ցուցարարներն ընտրել են Bank of America-ն, քանի որ համալսարանի ղեկավարության անդամներից մեկը` Մոնիկա Լոզանոն, այդ բանկի տնօրենների խորհրդի անդամ է: Ուսանողները ղեկավարությանը մեղադրում են ուսման վարձերի բարձրացման և պետական ֆինանսավորման կրճատման մեջ:
Բանկը գրաված ուսանողները մի քանի րոպե անց դուրս են եկել այնտեղից և միացել ակցիայի մյուս 200 մասնակիցներին: Ներսում մնացել է 75 ցուցարար: Նրանք սրահի կենտրոնում վրան են խփել, նստել և իրար ձեռք բռնել: Այդ ժամանակ ոստիկանությունը սկսել է նրանց ձերբակալել:
Գրասենյակի մոտ նույնպես բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանների միջև: Վերջիններս ամբոխը հետ մղելու համար ստիպված են եղել օգտագործել մահակներ: Իրավապահ մարմինների տվյալներով` տուժողներ չկան:
Ընդհանուր առմամբ՝ Սան Ֆրանցիսկոյի ակցիային մասնակցել է շուրջ 400 մարդ:










































