ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումից հետո այսօր ԱԳՆ-ում տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս:
Է. Նալբանդյանը նշեց, որ ուրախ է տիկին Էշթոնին ողջունել Երևանում, և որ սա լավ առիթ է` քննարկելու ԵՄ-ի հետ համագործակցության, տարածաշրջանային խնդիրները: Մեկ շաբաթից կայանալու է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի նիստը, նշեց Է. Նալբանդյանը` հավելելով, որ քննարկելու են վիզային ռեժիմի դյուրացման հետ կապված հարցերը:
Քեթրին Էշթոնը նշեց, որ սա իր վերջին այցը չէ. «Գոհ եմ երկկողմանի հարաբերություններում առաջընթացից, մենք իրական առաջընթաց ենք ձեռք բերել, և մեր հարաբերությունները հիմնված են հիմնարար արժեքների, ժողովրդավարության, մարդու իրավունքների սկզբունքների վրա»:
Ք. Էշթոնը նշեց, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել են տարածաշրջանային, միջազգային հարաբերությունների հետ կապված հարցեր:
«Մեր հարաբերությունները ցանկանում ենք ավելի սերտացնել, ավելի ուժեղացնել, մենք դիտարկում ենք, թե ինչքան բան կարող ենք անել, հարաբերությունները միայն փողով չեն որոշվում: Նախագահը երեկ բացատրեց, որ շուրջ երեք հարյուր ձեռնարկություններ ունեք, գյուղատնտեսություն, ուստի պետք է մտածել այս ուղղությամբ, այնպես պետք է անենք, որ զարգանան դրանք»,- նկատեց Ք.Էշթոնը:
«Վիզաների և առևտրի հետ կապված գործընթացը, թվում է, ձգձգվում է, պետք չէ դրանից նեղվել, պետք է տեխնիկական մասը ապահովել, որպեսզի ամեն ինչ ճիշտ ընթանա»,- հավելեց Ք.Էշթոնը:










































