«Գալիք» համալսարանի 51 նախկին ուսանողներ մինչ օրս չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք դիպլոմները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրին «Գալիք» համալսարանի նախկին ուսանողներ Հռիփսիմե Խաչատրյանը, Լիլիթ Մանուկյանը և «Գալիք» համալսարանի աշխատակազմի ներկայացուցիչ, ռեկտորի օգնական Գևորգ Հարությունյանը:
Նշենք, որ անցյալ տարի «Գալիք» համալսարանի կառավարման ֆակուլտետի 51 ուսանողներ չեն ստացել իրենց դիպլոմները, ըստ ուսանողների` իրենցից անօրինական քննություն են վերցրել: «Մեզ նաև առաջարկել են այլ ֆակուլտետի դիպլոմ տրամադրել »,- նշեցին ուսանողները:
Բերված փաստարկներին հակադարձեց համալսարանի ռեկտորի օգնական Գևորգ Հարությունյանը` ասելով, որ դիպլոմներ չտրամադրելը բացատրվում է նրանով, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը այդ ֆակուլտետին զրկել է լիցենզիայից:
«Այսօր մենք դիմելու ենք դատարան` այս հարցը լուծելու համար: Նախարարության դեմ մենք հայց ենք ներկայացնելու դատարան: Սա համապատասխան մարմինների անգործության հետևանք է»,- պատճառաբանեց Գ. Հարությունյանը:
Ուսանողները նաև փաստեցին, որ բազմաթիվ անգամներ դիմել են ռեկտորին, սակայն նա անվայելուչ խոսքերով իրենց դուրս է հրավիրել իր գրասենյակից:
«Գալիք» համալսարանի դիպլոմ չստացած ուսանողներին ընդունել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և տեղեկացրել, որ համալսարանը վերջին մեկ տարվա ընթացքում անօրինական կրթություն է իրականացրել, քանի որ ինքը այդ ֆակուլտետին զրկել է լիցենզիայից: Նախարարը ուսանողներին հորդորել է ուսումը շարունակել մեկ այլ բուհում:
«Մեզնից երեկ դիպլոմի համար պահանջեցին 24 հազար դրամ` այն դեպքում, երբ նախարարն ասել է, որ չի տրամադրելու լիցենզիա»,- նշեցին ուսանողները:
«Գալիք» համալսարանի կառավարման ֆակուլտետրի ուսանողները պահանջում են իրենց վերջին տարվա ուսման վարձը և բարոյական փոխհատուցում: Նրանք շարունակելու են պահանջել իրենց դիպլոմները, քանի որ համալսարանին շուրջ չորս տարի 180 հազար դրամ են վճարել:








































