News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն մեկնաբանել է նոյեմբերի 16-ին կայանալիք ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի վրացական այցը.
«Այդ մակարդակի բարձր այցը վկայում է Վրաստանի հանդեպ ԵՄ հատուկ հետաքրքրության մասին։ Սա Էշթոնի երկրորդ վրացական այցն է։ Առաջին անգամ նա Վրաստան է ժամանել 2010 թվականի հուլիսին։
Այն ժամանակ նա Բաթումում ասոցիացված համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ վարեց նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։ Արդեն տեղի է ունեցել բանակցային մի քանի փուլ։ Մենք հուսով ենք, որ այդ ուղղությամբ բանակցությունները հաջողությամբ կշարունակվեն»։
Կալանդաձեն նաև հայտնել է, որ նոյեմբերի 17-18-ը պլանավորված է, որ Վրաստան է այցելելու Եվրահանձնաժողովի փոխնախագահ Սիմ Կալասը, ով պատասխանատու է տրանսպորտային հարցերի համար։
Ըստ Կալանդաձեի՝ Կալասը Վրաստանում հանդիպումներ է ունենալու վարչապետ Նիկա Գիլաուրիի ու էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիայի հետ։










































