Բեռլինում և Մայնի Ֆրանկֆուրտում նոյեմբերի 12-ին բանկերի դեմ բողոքի ակցիային մասկակցում էին 18 հազար ցուցարար:
Ինչպես հայտնում է Die Tageszeitung պարբերականը, եվրոգոտու տնտեսական մայրաքաղաք համարվող Ֆրանկֆուրտում` Եվրոպական Կենտրոնական բանկի դիմաց, հավաքվել են մոտ տասը հազար ցուցարարներ: Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ ցուցարարները շրջան են կազմել քաղաքի բանկային թաղամասի շուրջ:
Բեռլինում, իշխանությունների տվյալներով, նոյեմբերի 12-ին փողոց է դուրս եկել մոտ ութ հազար մարդ: Նրանք քայլերթով անցել են կենտրոնական կայարանից մինչև խորհրդարանական թաղամաս` շրջապատելով Բուդեսթագի շենքը: Ակցիան կրել է խաղաղ բնույթ, ցուցարաների և ոստիկանության միջև ընդհարումների մասին չի հաղորդվում:
Եվրոպական Կենտրոնական բանկի դիմաց «Գրավեք Ֆրանկֆուրտը» շարժման մասնակիցները վրաններ էին խփել դեռ մեկ ամիս առաջ: Միաժամանակ, կազմակերպիչների խոսքերով, զանգվածային ցույցեր տեղի են ունեցել Գերմանիայի 50 քաղաքներում: Ամերիակացի ցուցարարների օրինակով, գրեմանացի «օկուպանտները» պահանջում են սոցիալական և տնտեսական արդարություն բնակչության 99 տոկոսի նկատմամբ:
Գերմանացի ցուցարարների մեծամասնությունը հակագլոբալիստներ, բնապահպաններ, արհմիությունների ներկայացուցիչներ և ձախակողմյան շարժումների կողմակիցներ են:
Հիշեցնենք, որ այս ակցիաները տարածում են գտել «Գրավեք Ուոլ Սթրիթը» շարժման սկզբնավորումից հետո, որը սկսվել էր Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին: Դրանից հետո նմանատիպ ցույցեր են անցկացվում ԱՄՆ գրեթե բոլոր քաղաքներում, Կանադայում և եվրոպական մի շարք երկրներում:








































