Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում փայտերով և դանակներով զինված ամբոխը գրոհել է Սաուդյան Արաբիայի դեսպանատունը՝ այն բանից հետո, երբ Արաբական երկրների լիգան ժամանակավորապես կասեցրեց Սիրիայի անդամակցությունը այդ կազմակերպությանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Բաշար Ասադի հարյուրավոր կողմնակիցներ ծեծել են պահակներին և ներխուժել Սաուդյան Արաբիայի դեսպանատուն:
Հարկ է նշել, որ Սաուդյան Արաբիան դեռ օգոստոսին իր դեսպանին հետ էր կանչել Սիրիայից՝ Բաշար Ասադից պահանջելով ընդդիմության հանդեպ գնալ փոխզիջումների:
Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Սիրիայի քաղաքների փողոցները՝ արտահայտելու համար իրենց աջակցությունը նախագահ Ասադին և բողոքելու Արաբական երկրների լիգայի որոշման դեմ: Դամասկոսում ամբոխը հավաքվել էր Քաթարի դեսպանատան մոտ: Քաթարը այժմ լիգայի նախագահող երկիրն է:











































