Ինչպես փոխանցում է Trend գործակալությունը` հղում անելով թուրքական Miliiyet թերթին, առաջիկա 10 տարիների ընթացքում Ադրբեջանը կդառնա ամենամեծ ներդրողը Թուրքիայում: Այս մասին հայտարարել է Socar & Turcas ընկերության գործադիր տնօրեն և Petkim նավթաքիմիական ընկերության վարչության անդամ Յավուզ Քենանը:
«Թուրքիան կարիք ունի հումքի, իսկ Ադրբեջանն անհրաժեշտություն ունի դուրս գալու համաշխարհային շուկա: Թուրքիան ունի ամենագրավիչ ներքին շուկան` Չինաստանից հետո»,- ասել է Յավուզը:
Նրա խոսքերով , Socar&Turcas և Petkim ընկերությունները նախապատրաստել են 2015, 2020 և 2040 թթ. համատեղ ռազմավարությունը:
Ըստ այդմ, մինչև 2015 թ. երկու ընկերությունները Թուրքիայում ներդնեն 5 մլրդ դոլար, իսկ մինչև 2020 թ. նրանք կդառնան Թուրքիայի ամենախոշոր արդյունաբերական ընկերությունը: Արտադրության ծավալներով ընկերությունները կմտնեն Եվրոպայի խոշոր արտադրողների տասնյակ: