Խոսքի ազատության, պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը անթուլյատրելի է համարում, որ ՀՌԱՀ-ը գաղտնի է պահում իրեն դիմած հեռուստաընկերությունների լրագրողների CV-ները, որոնց հիման վրա կոմիտեն հնարավորություն կունենար դատելու` ինչպիսի որակ կարող են ունենալ մրցույթին հաղթող ճանաչված TV-ները:
Նրա խոսքով` անթույլատրելի է նաև դատարանի` ՀՌԱՀ-ին սատարող վերաբերմունքը: «ՀՌԱՀ-ի դեմ ցանկացած հայց մերժվում է, ինչում կարելի է քաղաքական պատվերի կատարում տեսնել: Դատարանը շատ հաճախ գործիք է դառնում լրատվամիջոցների դեմ: Այս ամենում կան քաղաքական պատվեր կատարելու դրսևորումներ: Մենք օրինապաշտ մարդիկ ենք և դիմելու ենք երկրորդ, երրորդ ատյանի դատարաններ, հետո նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որովհետև այս դարում լրագրողների տվյալները գաղտնի պահելն ուղղակի անթույլատրելի է : Ինչ հնարավոր լինի անել հայաստանյան ատյաններում՝ անելու ենք, եթե ոչ` դիմելու ենք Եվրոպական դատարան»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ իրավաբան Օլգա Սաֆարյանը, իր հերթին նկատեց. «Մեր դատական հայցով ՀՌԱՀ-ի անգործությունն ենք վիճարկում և նրան պարտավորեցնելու ենք մեզ տրամադրել հեռուստաընկերությունների մրցութային փաթեթները: Հայցով դատարան դիմել ենք փետրվարի 21-ին: Պատասխան ենք ստացել, որ մեզ կտրամադրվեն մրցույթի`բացառապես առևտրային և անձնական գաղտնիքներ պարունակող փաստաթղթերը: Ստիպված ևս մի հարցում ենք արել` իմանալու, թե ինչ բնույթի փաստաթղթերի մասին է խոսքը, և ինչ հիմքով չեն տրամադրվում դրանք մեզ: Համամիտ չլինելով մեզ ներկայացված որոշման հետ` դիմել ենք վարչական դատարան` խնդրելով մեզ տրամադրել այդ փաթեթները: Հայցն այստեղ էլ մերժվել է, ինչից հետո դիմել ենք վերաքննիչ վարչական դատարան, սակայն մինչ այժմ այնտեղից որևէ նորություն չունենք: Եթե մեզ այստեղ էլ մերժեն, կդիմենք վճռաբեկ դատարան, իսկ հետո` նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- նկատեց Օլգա Սաֆարյանը: