Շոտլանդիայում աճուրդի են հանվել Մեծ Բրիտանիայի Վիկտորյա թագուհու անձնական իրերը: Ինչպես հաղորդում է BBC-ն, աճուրդը տեղի կունենա այսօր Էդինբուրգում: Աճուրդի կազմակերպիչը Lyon and Turnbull աճուրդի տունն է:
Աճուրդի հանված ապրանքների թվում են թագուհու մի քանի զույգ մետաքսե զուգագուլպաներ, նրա գիշերաշապիկը, ձեռնոցները, ինչպես նաև մի քանի մետաքսե վարտիքներ: Մեկ զույգ զուգագուլպայի համար աճուրդի կազմակերպիչները նախատեսում են ստանալ 500-800 ֆունտ ստերլինգ, իսկ վարտիքների նախնական արժեքը 2000-3000 ֆունտ է: Աճուրդի շրջանակներում կարելի է ձեռք բերել նաև Վիկտորյա թագուհու երրորդ որդու՝ Քոննաութի դուքս Արթուրի վարտիքը:
Աճուրդում վաճառքի է հանվել նաև Վիկտորիանական դարաշրջանի կահույք, նամակներ, ինտերիերի պարագաներ, ինչպես նաև բրիտանական թագավորական տան անդամների նկարներ, կիսանդրիներ և արվեստի այլ նմուշներ: Այս ամենը նախկինում պահվել է Forbes ամսագրի հիմնադիր Չարլի Ֆորբսի հետնորդների լոնդոնյան հավաքածուում:
Աճուրդի հանված ապրանքների ընդհանուր արժեքը, նախնական գնահատականներով, կազմում է 1.5-2 մլն ֆունտ ստերլինգ:
Վիկտորյա թագուհին գահ է բարձրացել 1838 թ.: Նա Հաննովերյան թագավորական դինաստիայի վերջին ներկայացուցիչն էր: Վիկտորյա թագուհու կառավարման ժամանակաշրջանը պատմության մեջ մտել է Վիկտորիանական դարաշրջան անվանմամբ: Թագուհին մահացել է 1901 թ. 82 տարեկանում:









































