Մուամար Քադաֆիի որդին գաղտնի փախել է Նիգեր կանադացիներից, ավստրալացիներից, նոր զելանդացիներից, իրաքցիներից և ռուսներից բաղկացած թիկնապահական պահակախմբի հսկողության տակ, որոնք նախկինում ծառայել էին իրենց երկրի հատուկ ծառայություններում: Այդ մասին The National Post թերթին տված հարցազրույցում հայտնել է այդ պահակախմբի անդամներից մեկը` Գերի Փեթերսը, որը Քեմբրիջում Can/Aus Security & Investigations International Inc թիկնապահական գործակալության ղեկավարն էր:
Այս տարվա սեպտեմբերի 11-ին Նիգերի իշխանությունները կանգնեցրել են Սաադի Քադաֆիի ավտոշարասյունը: Լիբիայի նախկին առաջնորդի որդուն հետ չեն ուղարկել հայրենիք, սակայն տնային կալանքի են ենթարկել: Ներկայումս, ըստ Փեթրեսի, Սաադին Նիամայում ապրում է շքեղ առանձնատանը, որը մոտ է նախագահական պալատին:
Սաադիի թիկնապահը հաստատում է, որ նա սկզբնապես պլանավորել փախչել Մեքսիկա, որտեղ ունի անշարժ գույք, սակայն չի կարողացել: Բացի այդ, աչքի տակ ունեցել է նաև Կանադան: Այնտեղ ևս նա ունի անշարժ գույք և ներդրումներ: Սակայն Կանադան հայտարարել էր, որ այդ դեպքում միանգամից կձերբակալի Սաադիին:
Թիկնապահի խոսքերով՝ Քադաֆիի որդիները ունեն մեծ գումարներ, որոնք բավարար են ներկայիս իշխանության դեմ պայքարելու համար: Մասնավորապես նա պատմել է, որ Սաադի Քադաֆին պատվիրել էր զրահապատ Land Rover ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Ինտերպոլը Սաադի Քադաֆիի ձերբակալման կարգադրություն էր տվել: Նրան մեղադրում են անշարժ գույքի կեղծիքների, բնակիչներին «զինված ահաբեկման» ենթարկելու մեջ, երբ նա լիբիական ֆուտբոլային թիմի ղեկավարն էր, ինչպես նաև քաղաքացիական պատերազմի ժամանակ լիբիացիներին ոչնչացնելու համար:
Կանադայում լիբիական համայնքի անդամները պահանջել էին Կանադայի կառավարությունից հետաքննություն անցկացնել Գերի Փեթերսի մասնավոր ընկերության նկատմամբ:








































