Արաբական երկրների լիգան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին առաջարկել է երկրում ստեղծված հակամարտությունը կարգավորելու մի նախագիծ:
Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, հոկտեմբերի 30-ին առաջարկված նախագծի մասին հայտնվել է երեքժամյա բանակցություններից հետո, որ տեղի են ունեցել Կատարի մայրաքաղաք Դոհայում: Դրանց մասնակցում էին Արաբական երկրների լիգայի արտաքին գործերի նախարարները, և այն գլխավորում էր Սիրիայի պաշտոնական պատվիրակությունը:
Ինչպես հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարը՝ վարչապետ շեյխ Համադ բեն Ջասիմ Ալ-Թանիի հետ համատեղ, նախագիծը նախատեսում է որոշ «կոնկրետ քայլեր», որոնք պետք է ձեռնարկի Բաշար Ասադը մարդկային զոհերը կանխելու և Սիրիայում ցանկացած տիպի բռնությունները վերացնելու համար: Նա չի պարզաբանել, թե ինչ են առաջարկել Լիգայի անդամ երկրները Սիրիային, սակայն վստահություն է հայտնել, որ նախագահի` նախագիծը ընդունելու դեպքում հնարավոր կլինի խուսափել իրադարձությունների այն ելքերից, որ գրանցվել են այլ երկրներում:
Ինչպես հաղորդվում է՝ սիրիական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել իր պատասխանը տալ հոկտեմբերի 31-ին:
Հիշեցնենք, որ Սիրիայում 2011 թվականի մարտից սկսված հակակառավարական զանգվածային ցույցերի արդյունքում զոհվել է ավելի քան 3000 մարդ:






































