Թունիսի խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնություն հավաքած «Ալ-Նահդա» չափավոր իսլամիստական կուսակցությունը հայտարարել է, որ չի պատրաստվում օրենքով ստիպել կանանց կրել գլխաշոր, նիկաբ կամ գլուխը և դեմքը ծածկող այլ հագուստ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, կուսակցության առաջնորդ Ռաշիդ Գանուչին հայտարարել է, որ պատրաստվում է կանանց պաշտոններ տալ կառավարությունում, որի ձևավորման շուրջ բանակցություններն արդեն սկսվել են: «Այդ կանայք հիջաբ կկրեն, թե ոչ` կարևոր չէ»,- ասել է Գանուչին:
Նրա խոսքերով` իր կուսակիցներից ոչ ոք չի պատրաստվում սահմանափակել կանանց իրավունքները, առավել ևս որ արաբական մյուս երկրներում նիկաբ կրելու պարտադրանքը «միշտ ձախողվել է»:
«Նահդա» կուսակցության առաջնորդը նշել է, որ նոր կառավարության գլխավոր խնդիրը կլինի տնտեսության բարելավումը և ոչ թե «հիջաբային» հարցը: Այս կապակցությամբ նա հայտարարել է, որ պարզապես միտք չունի, որ իշխանությունները փորձեն փոխել քաղաքացիների ներկա կենսակերպը:
Թունիսը արաբական աշխարհի առավել աշխարհիկ երկրներից մեկն է: Այստեղ ազատ վաճառվում է ալկոհոլ, կանայք ինքնուրույն են որոշում` կրել հիջաբ, թե ոչ:
Ավելի վաղ «Նահդա» կուսակցության ղեկավարները հայտարարել էին, որ Թունիսում ցանկանում են ստեղծել Թուրքիայի օրինակով քաղաքական համակարգ:











































