Լոնդոնում բրիտանական բնանկարիչ Մեթյու Շեպերսոնի նկարների մեջ հայտնաբերվել է XVII դարի իսպանացի նկարիչ Դիեգո Վելասկեսի նկարած անհայտ դիմանկարներից մեկը,- գրում է The London Evening Standard թերթը:
2010 թվականի օգոստոսին Շեպերսոնի նկարները աճուրդի համար տեղափոխել էին Լոնդոն Bonhams: Մասնագետներն անմիջապես նկատել են, որ կտավներից մեկը մյուսներից էապես տարբերվում է նկարելու տեխնիկայով, և ենթադրել են, որ այն կարող է պատկանել Վելասկեսի վրձնին: Դրանից հետո նկարը հանել են աճուրդից, իսկ Bonhams-ի գլխավոր գրասենյակը կապ է հաստատել Մադրիդի և Դուբլինի մասնագետների հետ, որոնց հետազոտություններից հետո ապացուցվել է, որ հեղինակը իսպանացի նկարիչն է:
Bonhams-ի կայքում տեղեկացնում են, որ տղամարդու դիմանկարը աճուրդի կհանվի հին վարպետների գործերի հետ միասին դեկտեմբերի 7-ին: Այն գնահատվում է 2,2-3,4 միլիոն եվրո:
Չնայած բնորդի ինքնությունը դեռ պարզված չէ, ենթադրում են, որ Վելասկեսը նկարել է Խուան Մաթեոսին` թագավորական շների հսկիչին:
Շեպերսոնի նկարները գնահատվում են 350 հազար եվրո: Արվեստագետները ենթադրում են, որ Վելասկեսի կտավը Շեպերսոնի հավաքածուում պատահաբար չի հայտնվել: Հնարավոր է, որ բրիտանացի նկարիչը բնանկարների հավաքածու է ունեցել: Նկարի ներկայիս տերը ցանկացել է անհայտ մնալ:
Վելասկեսի աշխատանքը վերջին անգամ աճուրդի է հանվել 2006 թվականին: Ներկայումս մնացել է իսպանացի նկարչի ընդամենը 4 նկար, որոնք գտնվում են մասնավոր հավաքածուներում:









































