Ամերիկյան The New York Times թերթում հրապարակվել է Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության ձախողմանը նվիրված Ջուդի Դեմփսիի հոդվածը, որում ասվում է.
«Քուրդ զինյալների ակտիվացումը դժվարություններ է հարուցում Թուրքիայի արտաքին քաղաքականության համար, որը հենված է «զրո խնդիր հարևանների հետ» հավակնոտ տարածաշրջանային ռազմավարության վրա։
Երբ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Հաքքարի նահանգում սպանեցին 24 թուրք զինվորի, Թուրքիայի վարչապետ Էրդողանն անմիջապես հրահանգեց 10,000 զինվոր ուղարկել Իրաք։ Դա արդյունք կտա։
Ստամբուլի տնտեսական և արտաքին քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Շինան Յուլգենը կարծում է, որ «զրո խնդիր» ռազմավարությունը գործնականում առնչվում է բռնապետական ռեժիմների հետ. «Դրա համար էլ «Արաբական գարուն»-ը ցույց տվեց այդ քաղաքականության հիմնական թերությունները։ «Զրո խնդիր» քաղաքականությունը չափազանց լավատեսական և անգամ միամիտ էր։ Այդ բարդ հարցերն այնքան էլ հեշտ չէ լուծել»։
2002 թվականից Էրդողանի գլխավորած՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սկսեց այնպիսի արտաքին քաղաքականություն վարել, որն ուղղված էր Կովկասի և Միջին Արևելքի անհանգիստ տարածաշրջաններում երկրի դերի վերաիմաստավորմանը։ Ահմեդ Դավութօղլուն «զրո խնդիր» քաղաքականությունն առաջ քաշելիս նպատակ էր հետապնդում ամրապնդել Թուրքիայի մերձակա հարևանների հետ տնտեսական, քաղաքական և սոցիալական կապերը։
Գործնականում այդ քաղաքականությունը նշանակում էր ԱՄՆ-ից ու Իսրայելի ռազմական կապերից ունեցած ավանդական կախվածությունից հրաժարում, և փոխարենը անցում դեպի տարածաշրջանային ռազմավարություն, որն ուղղված էր նրան, որ Թուրքիան վերածվի տարածաշրջանային գլխավոր խաղացողի։
«Արաբական գարնան» վրա հասնելուց հետո Թուրքիան հանկարծ գիտակցեց, որ գոյություն ունի լուրջ վտանգ իր «զրո խնդիր» քաղաքականությունում մարդու իրավունքների խնդրին բավարար չափով ուշադրություն չհատկացնելու և նորաստեղծ ժողովրդավարական ուժերին անտեսելու համար։
Դրա համար Թուրքիան սկսեց ակտիվորեն գործել Եգիպտոսի և Լիբիայի պարագայում, և այժմ քննադատում է Սիրիայի ռեժիմին։ Իրանի հետ հարաբերություններն էլ լարված են։ Թուրքիան կարող է տարածաշրջանում հարգանք և աջակցություն վայելել միայն այն դեպքում, եթե նա սկսի իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված արտաքին քաղաքականություն»։










































